Միջազգային

Ֆինլանդիան մոտ 300 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային

Ֆինլանդիան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրով 2024-2028 թվականներին Կիևին 290 մլն եվրո կհատկացնի զարգացման համար և որպես մարդասիրական օգնություն․ ասված է համաձայնագրի տեքստում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: Պատրաստվում է նաև չորս տարվա ռազմական աջակցության ծրագիր։

Կիևում ստորագրված անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը կրկնում է ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունների կողմից արևմտյան մի շարք երկրների հետ կնքված պայմանավորվածությունները: Մասնավորապես, Ֆինլանդիան պարտավորվում է աջակցել Կիևի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու շարժմանը, իսկ Ուկրաինան խոստանում է բարեփոխումներ իրականացնել և պայքարել կոռուպցիայի դեմ: Ֆինլանդիան պարտավորվում է շարունակել ռազմական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ զինծառայողների վերապատրաստումը։ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում Ֆինլանդիան պատասխան գործողությունների վերաբերյալ 24 ժամվա ընթացքում խորհրդակցություններ կանցկացնի Ուկրաինայի հետ: