Միջազգային

Էսկալացիան որևէ մեկի շահերից չի բխում. Միլլեր

ԱՄՆ վարչակազմը կշարունակի Հայաստանի և Ադրբեջանի համար հստակ դարձնել, որ էսկալացիան որևէ մեկի շահերից չի բխում, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք զգուշանալ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և ռազմական գործողությունների»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով երկու երկրների միջև սահմանային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության հայտարարությունները: Նա ելակետ է ընդունել ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը, որ սահմանային իրավիճակը կայուն է և արտառոց ոչինչ տեղի չի ունենում հայկական կողմից։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու կոչեր անել, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները։

Միլերը նաև նշել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը նրանք կքննարկեն «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան», ինչպես նաև «ժողովրդավարության և օրենքի գերակայության» ոլորտի բարեփոխումները։ 

«Խաղաղության գործընթացը հանդիպման հիմնական թեման չի լինի»,- պարզաբանել է Մեթյու Միլլերը: