Միջազգային

Ռուսական հետախուզությունը կարող է վարակած լինել ԱՄՆ դիվանագետներին

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության (նախկին ГРУ) 29155 զորամասի աշխատակիցները կարող էին գաղտնի զենքով ազդել ամերիկացի դիվանագետների, պաշտոնյաների և հետախույզների վրա, որոնք առաջացնում են այսպես կոչված «Հավանայի համախտանիշ»: Նման եզրակացության են եկել «The Insider» պարբերականի, ամերիկյան CBS News հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման և գերմանական «Der Spiegel» շաբաթաթերթի լրագրողները։ Նրանց հետաքննության արդյունքները հրապարակվել են ապրիլի 1-ին։

Ռուսական ռազմական հետախուզության գործակալների այցելությունների մասին տվյալները համադրելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում «Հավանայի համախտանիշի» դեպքերի հետ՝ լրագրողները բացահայտ փոխկապակցվածություն են հայտնաբերել։ Հետաքննությունը ցույց է տվել, որ ամերիկացիների մոտ «Հավանայի համախտանիշի» ախտանշաններն ի հայտ են եկել նույն ժամանակահատվածներում և նույն վայրերում, ուր ժամանել են ռուսական հետախուզները։

ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչության գործակալների տեղաշարժերը Եվրոպայում 2014 թվականին համընկել են Մայնի Ֆրանկֆուրտում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների վրա «տարօրինակ հարձակումների շարքի» հետ։ 2016-2017թթ. Չինաստանում 29155 գործակալների խմբի ժամանումից հետո ամերիկացի դիվանագետները սկսում են հայտնել տարօրինակ առողջական խնդիրների մասին: 2021թ. Վրաստանում, որտեղ գտնվում էին 29155 ստորաբաժանման աշխատակիցները, ամերիկացի դիվանագետի կնոջ մոտ, որի անունը չի բացահայտվում, ախտորոշվել է Մինորի համախտանիշ։ «Տարօրինակ զուգադիպություններ» են գրանցվել նաև Բելգրադում և Հանոյում՝ 2021թ.։