ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-Հայաստան-ԵՄ սպասվող եռակողմ հանդիպմանը։
Նա, մասնավորապես, ասել է. «Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում միտումնավոր տարակուսում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում։ Պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման միջոցառումները Ռուսաստանի համար մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով։
Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլ Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներդրմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը:
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածվում է հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»։