Միջազգային

«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի»․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը aif.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ Երևանում կգերիշխի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը:

«Այժմ բավական բարդ շրջան է մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այն նույնիսկ ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Եվ ի դեպ, ՌԴ քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է տալիս Հայաստանի համախառն բյուջեում»,– նշել է նա՝ հավելելով, որ մարդիկ մեծ գումարներ են ուղարկում Հայաստան․ խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։ 

Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Պեսկովը նաև հիշեցրել է, որ կովկասյան տարածաշրջանն այժմ իր վրա է գրավում տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը, ինչն ազդում է Ռուսաստանի հետ այդ տարածաշրջանի պետությունների հարաբերությունների վրա:

«Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել»,– ասել է նա։