Միջազգային

Հավլաբարի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին փլուզման եզրին է

Վրաստանի հայ համայնքը քաղաքի պատմական կենտրոնի ինտենսիվ զարգացման ֆոնին մտահոգված է Թբիլիսիի Հավլաբարի թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) տաճարի ճակատագրով։ 

«Կարմիր Ավետարանը շուտով կարող է դառնալ ամբողջովին անմատչելի և շրջապատված լինել շինություններով... մտավախություն առաջացնելով, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին և վերադարձնել տիրոջը, քանի դեռ այս նշանավոր տաճարը հիմնովին չի ավերվել»,- ասվում է համայնքի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

1775 թվականին հիմնադրված Կարմիր Ավետարանը կառուցվել է ծխականների նվիրատվություններով։ Ժամանակին այն եղել է Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկը։ 1980-ականների վերջի երկրաշարժի հետևանքով փլուզվել է տաճարի գմբեթը, և այդ ժամանակվանից կառույցի վիճակը տարեցտարի վատանում է։

2016 թվականին տաճարի արևելյան պատից մի քանի մետր հեռավորության վրա սկսվել է հյուրանոցի շինարարությունը։ Չնայած հայ համայնքի բողոքին և մի շարք հասարակական կազմակերպությունների նախազգուշացումներին, նախագիծն ավարտին հասցվեց։ Փորձագետները նշել են, որ ծանր տեխնիկան զգալի վնաս է հասցրել եկեղեցու հիմքին: Կարմիր Ավետարան եկեղեցին գտնվում է Ավլաբարի մետրոյի կայարանի հարևանությամբ։ 2007 թվականին հայկական տաճարին տրվել է Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրա վրա. օբյեկտը շարունակվել է ոչնչացվել։