Միջազգային

Ո՞վ է Ուկրաինայի ԶՈՒ նոր հրամանատարը. Մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, աշխատանքից ազատելով ԶՈՒ նախկին հրամանատար Վ. Զալուժնուն, դա բացատրել է ռոտացիայի, ճակատի կառավարման, մոբիլիզացիայի և հավաքագրման հետ կապված խնդիրների այլ մոտեցման անհրաժեշտությամբ: Այդ մոտեցումը պետք է իրականացնի 58-ամյա գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին, ով մինչ նշանակումը ղեկավարում էր Ուկրանիայի ցամաքային զորքերը։

Առաջին քայլը Ավդեեվկայի պաշտպանությունն է, որտեղ ռուսական ուժերը զգայի մարդկային ու տեխնիկական ռեսուրս են կուտակել՝ գրոհելով հյուսիսից ու հարավից։ Երկրորդը նոր մոբիլիզացիան է և Ուկրաինայի բանակի համալրումը։ 

Ի՞նչ է հայտնի Սիրսկու մասին 

Սիրսկին 58 տարեկան է, ծնվել է Ռուսաստանի ՍՖՍՀ Վլադիմիրի մարզի Նովինկի գյուղում։ Նրա հայրը նույնպես զինվորական է։ 1986-ին Սիրսկին ավարտել է Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, որը ռուսական կողմից հենց նույն ժամանակ ավարտել են  Ալեքսանդր Դվորնիկովը և միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը: Իր կրթությունը նա շարունակել է 1990-2000-ական թվականներին՝ Կիևի Ուկրաինայի պաշտպանության ազգային ակադեմիայում։

2013 թվականին զբաղեցրել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարական կենտրոնի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նրա պատասխանատվության ոլորտը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն էր։ 2015-ի փետրվարին Սիրսկիի կողմից ձևավորված «Բարս» խումբը պաշտպանել է Դեբալցևոից նահանջող Ուկրաինայի ԶՈՒ զորքերին։ Այն ժամանակ մոտ 4,5.000 ուկրաինացի զինվորական նրա հրամանատարության ներքո դիմակայում էին գրեթե 20.000 ռուսների։

2016-ին Սիրսկին ղեկավարում էր Ուկրաինայի զինված ուժերի միացյալ օպերատիվ շտաբը, իսկ 2017-ին ղեկավարում էր հակաահաբեկչական գործողությունը Ուկրաինայի արևելքում: 2019 թվականին Սիրսկին դարձել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար։

2023 թվականի հուլիսին BBC-ին տված հարցազրույցում նա զուսպ է արտահայտվել Ուկրաինայի մոտալուտ հաղթանակի հնարավորության մասին. «Մենք կցանկանայինք շատ արագ արդյունքներ ստանալ: Բայց իրականում դա գրեթե անհնար է»։ 

Հենց Սիրսկին է 2022թ. փետրվար-մարտին կազմակերպել Կիևի պաշտպանությունը։ Կիևի հաջող պաշտպանության և հյուսիսի ազատագրման համար 2022 թվականի մարտի 18-ին Սիրսկին պարգևատրվել է Բոգդան Խմելնիցկու II աստիճանի շքանշանով։ Եվ ևս երեք շաբաթ անց Ուկրաինայի հերոս՝ «անձնական խիզախության, Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար»։ Սիրսկին է ղեկավարել Խարկովի մարզի պաշտպանությունը, քաղաքի դիմադրությունն ու ռուսական զորքերի դուրս մղումը Խարկովի մարզից։ Հենց Բախմուտի ուղղությամբ ծանր պաշտպանությունն էր, որ ներկայացրեց Սիրսկուն որպես հրամանատար, որը հաշվի չի առնում մարդկային կորուստները: Արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս գրել են, որ Բախմուտի պաշտպանությունը Ուկրաինային ավելի շատ վնաս է արժեցել, քան օգուտ։