Միջազգային

Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։

«Այսօրվանից նոր ղեկավար թիմ է ստանձնում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը: Ես գեներալ-գնդապետ Սիրսկուն նշանակել եմ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար»,- ասել է նա տեսաուղերձում։ 

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ քննարկել է բանակի ղեկավարության նորացման հարցը և նրան առաջարկել է «մնալ թիմում»։

«Ես հանդիպեցի գեներալ Վալերի Զալուժնիի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նրան: Մենք քննարկեցինք, թե ինչպիսի նորացում է անհրաժեշտ Ուկրաինայի զինված ուժերին: Մենք նաև քննարկեցինք, թե ովքեր կարող են լինել Ուկրաինայի զինված ուժերի նորացված ղեկավարությունում»,- գրել է նա Telegram-ի ալիքում:

Ինքը՝ Զալուժնին, հանդիպումից հետո ասել է, որ նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարությունը փոխելուն ուղղված նոր մոտեցումներ և լուծումներ։ Նա խոստովանել է, որ 2024 թվականին ուկրաինական բանակի առջև ծառացած խնդիրները տարբերվում են նախկինից՝ սկսած 2022 թվականից։ Զալուժնին նաև շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի և ՊՆ թիմերի բոլոր գործընկերներին, ինչպես նաև Զելենսկու գրասենյակին։