Միջազգային

«Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի». Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և կարգավորման գործընթացին:

Radar Armenia-ն ներկայացնում է հիմնական կետերը. 

Ռուսաստանի այսօրվա խնդիրն է օգնել իր գործընկերներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը լինի կայուն։

Ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել, թե ինչպես վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանից Սյունիքով Նախիջևան։

Ռուսաստանն իր խորհրդատվական ծառայություններն է առաջարկում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, քանի որ տեղագրական նյութեր ունի։

ՌԴ-ն ակտիվորեն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերի ամբողջ համալիրի քննարկմանը։

Մոսկվան միշտ պատրաստ է իր հարթակը տրամադրել խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար։

Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանում կգերիշխի այն ըմբռնումը, որ հենց եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, ոչ թե արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանն ուղղված ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ՌԴ-ին այդ գործընթացից դուրս մղելուն: