Միջազգային

ՀԱՄԱՍ-ը Գազայում 135-օրյա զինադադար է առաջարկում Իսրայելի լիակատար հեռացմամբ

ՀԱՄԱՍ-ն առաջարկել է հրադադարի ծրագիր, որը թույլ կտա Գազայում չորսուկես ամսով լիցքաթափել իրավիճակը։ Այդ ընթացքում բոլոր պատանդներն ազատ կարձակվեն, Իսրայելը դուրս կբերի զորքերը Գազայի հատվածից, և համաձայնություն ձեռք կբերվի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Իսրայելից դեռ պատասխան չի ստացվել, որը մինչև այդ էլ նշել է, որ իր զորքերը դուրս չի բերի Գազայից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել: ՀԱՄԱՍ-ի հակընդդեմ առաջարկը նախատեսում է հրադադարի երեք փուլ՝ յուրաքանչյուրը 45 օր տևողությամբ: Զինյալները հոկտեմբերի 7-ին գերեվարված իսրայելցի մնացած պատանդներին կփոխանակեն պաղեստինցի բանտարկյալների հետ: Կսկսվի Գազայի վերականգնումը, իսրայելական զորքերը ամբողջությամբ դուրս կբերվեն, իսկ զոհերի մարմիններն ու մասունքները կփոխանակվեն։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Էզզաթ էլ-Ռեշիկը հաստատել է, որ այդ առաջարկը Կատարի և Եգիպտոսի միջոցով փոխանցվել է Իսրայելին և ԱՄՆ-ին: