Միջազգային

«ԵՄ-ն հոգնել է Օրբանի դիրքորոշումից». Լեհաստանի վարչապետ

«Եվրամիությունը հոգնել է ոչ թե Ուկրաինային օգնելուց, այլ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Կիևի համար միջոցների հատկացումն արգելափակելու դիրքորոշումից»․ նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովին ժամանելուն պես:

«Ուկրաինայից հոգնածություն չկա։ Օրբանից է հոգնածությունը», - լրագրողներին ասել է Տուսկը։ Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ Հունգարիան պետք է վերջնականապես կողմնորոշվի իր դիրքորոշման հարցում՝ հակամարտությունում աջակցում է Կիևի՞ն, թե՞ Մոսկվային։ Ուկրաինային օգնության հարցում, Տուսկի կարծիքով, «կա միայն սև ու սպիտակ»։

Լեհաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն չունի պլան Բ, Եթե Օրբանը վետո կիրառի Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ: Այնուամենայնիվ, ինչպես հույս է հայտնել Լեհաստանի կառավարության ղեկավարը, ԵՄ առաջնորդները ուժեղ փաստարկներ կունենան, որպեսզի համոզեն Օրբանին՝ փոխել դիրքորոշումը: