Միջազգային

Fitch-ը մոտ ապագայում չի կանխատեսում Հայաստանի տնտեսության նշանակալի դիվերսիֆիկացում Ռուսաստանից

Միջազգային վարկանիշային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, վերահաստատել էր Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Սակայն վարկանիշային կազմակերպությունը ներկայացրած հոդվածի «Գլոբալ ռիսկեր» ենթաբաժնում արձանագրում է խնդիրներ։ 

Ըստ Fitch-ի՝ Հայաստանի տնտեսությունը առևտրի և էներգետիկայի առումով մեծապես կախված է Ռուսաստանից, և մոտ ապագայում չի կանխատեսվում նշանակալի դիվերսիֆիկացում Ռուսաստանից:

Ընդգծվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման պարտավորությունների ենթադրյալ չկատարումից հետո, և Հայաստանը շարունակում է իր բանկային հատվածում ռուսական կազմակերպությունների դեմ կիրառել արևմտյան պատժամիջոցներ: Այնուամենայնիվ, 2021 թվականից ի վեր ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300% - ով, իսկ Ռուսաստանին բաժին է ընկել արտահանման 51% - ը և ներմուծման 30% - ը 2023թ. 1-ից մինչև 3-րդ եռամսյակներում։

Fitch-ը առանձնացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև աշխարհաքաղաքական ռիսկերի պահպանումը՝ նշելով, որ երկրների միջև մնում են մի քանի վիճելի հարց, այդ թվում՝ Ադրբեջանի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության կառուցումը, որն անցնելու էր Հայաստանի տարածքով, և որոշ շրջաններում սահմանի սահմանազատման հարցերը։