Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի կոչը ԵԱՏՄ առաջնորդներին՝ Հայաստանի նախագահության կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի կոչը ԵԱՏՄ առաջնորդներին՝ Հայաստանի նախագահության կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձը է հղել ԵԱՏՄ անդամ-երկրների ղեկավարներին՝ Հայաստանի կողմից 2024թ. ԵԱՏՄ նախագահության ստանձնման կապակցությամբ։ 

Radar Armenia-ն ներկայացնում է ուղերձը հատվածներով։

Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, որտեղ յուրաքանչյուր պետություն առանցքային դեր է խաղում տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի ձևավորման գործում: ՀՀ նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման տասնամյա հոբելյանին: ԵԱՏՄ գործունեության տասը տարվա արդյունքներով զգալի արդյունքներ են ձեռք բերվել փոխգործակցության բոլոր ուղղություններով։ Միևնույն ժամանակ, մնում են ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, առանց որոնց լուծման հնարավոր չէ ավարտել արդյունավետ միասնական տնտեսական տարածքի ձևավորումը։

Միայն ջանքերի համադրման միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունները կկարողանան ապագա սերունդների համար տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել ստեղծել՝ անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական տեղաշարժերից: Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության տարում, մասնավորապես, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՏՄ-ի համար կարևորագույն մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտության վրա:

Առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ անվտանգության ապահովումն է։ Գործունեության ոչ խտրական սկզբունքներով էլեկտրաէներգիայի և էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը: Գլոբալ տնտեսական մարտահրավերների և մեր երկրների ագրոարդյունաբերական համալիրի առկա զգալի ներուժի պայմաններում կարևորում եմ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումը:

Տնտեսական փոխգործակցության հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտն է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և արդիականացումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործումը և արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը նպաստում են ապրանքների և ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի կրճատմանը և շուկաների մատչելիության բարձրացմանը:

Անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ տարանցիկ ներուժը և աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռևս բավարար չափով չեն օգտագործվում անդամ պետությունների կողմից: Անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման համար՝ առավելագույնս օգտագործելով միջազգային կազմակերպությունների և զարգացման միջազգային ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը:

Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի հաջող իրականացումը նշանակալի դեր կխաղա Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման ուղղությամբ նախանշված նպատակների իրականացման գործում: «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեր տարածաշրջանի երկրները կապել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:

Անվերապահ առաջնահերթությունը փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների ամբողջական վերացումն է։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք նաև այն խնդրահարույց իրավիճակներին, որոնք չեն որակվում որպես խոչընդոտ, բայց բացասական ազդեցություն են ունենում ներքին շուկայի վրա։ Միևնույն ժամանակ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առանձին դրույթներ անդամ պետություններին թույլ են տալիս միակողմանի սահմանափակող միջոցներ սահմանել, որոնք հանգեցնում են ԵԱՏՄ ներքին շուկայի կոռոզիային և բիզնեսի ներկայացուցիչների համար դժվարնախատեսելի պայմանների ձևավորմանը: Կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 29-րդ հոդվածը դոգմատիկ չէ և կարիք ունի հարմարվելու ժամանակակից իրողություններին և տնտեսական գործունեության պայմաններին։

ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմից, դա մարտահրավեր է Հայաստանի համար, մյուս կողմից հնարավորություն՝ ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտային, տարանցիկ և վարչական անխափան աշխատանքը, մենք հնարավորություն կունենանք խորացնել հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ, ինչը բազային անհրաժեշտություն է ԵԱՏՄ հետագա զարգացման և ամրապնդման համար: Երբ մենք խոսում ենք հասարակության բարեկեցության ապահովման համար հետագա տնտեսական փոխգործակցության հրամայականի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել թվայնացմանը վերապահված կարևոր դերը, որը դառնում է Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման առանցքային շարժիչը:

Ավելի արդիական է դառնում ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի վերաձևավորման հարցը։ Ռազմավարական փաստաթղթերում արդեն նախանշված են անհրաժեշտ քայլերը պլատֆորմային լուծումներին անցնելու համար։ Այս համատեքստում կարևոր է հստակ սահմանել վերազգային կարգավորող մարմնի դերը։ Խոչընդոտներ չեմ տեսնում, որ լայնածավալ նախագծի համար «հավաքակայան» դառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը՝ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի հետագա գործնական իրականացմանը: Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տվել իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները:

Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը մոտ ժամանակներս թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ և նոր ազդակ կհանդիսանա համաշխարհային տնտեսությունում ԵԱՏՄ ինտեգրման համար:

Ողջունում եմ նաև տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և Հնդկաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, աշխատանքների շարունակումը այնպիսի գերակա և հեռանկարային ուղղություններով, ինչպիսիք են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը: Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում բարձրացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ մասնագիտական կադրային կազմի ընտրության և ֆունկցիոնալության շարունակական կատարելագործման միջոցով:

Համոզված եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում իրավահավասար համագործակցության աճն, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի վարման և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը: Ակնկալում եմ համագործակցություն և աջակցություն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից 2024 թվականին հայկական նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական