Միջազգային

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի՝ գերիների փոխանակման հայտարարության վերաբերյալ։ 

Հայտարարությունում ասվում է. «Մոսկվան գոհունակությամբ ողջունեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։

Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ է քաշել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով կալանավորներին փոխանակելու գաղափարը։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022թթ․ համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ 

Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության միջոցով շփումների հարցում»։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։