Միջազգային

«Պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են՝ կարող են գործել անպատիժ». սենատորի նամակը՝ պետքարտուղարին

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարին՝ կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար։ Նա նաև առաջարկել է շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին։ 

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ»,- իր նամակը եզրափակել է սենատորը։