Միջազգային

«Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ խոսել է խաղաղության պայմանագրի բանակցություններից և հայ-ադրբեջանական հարաբերություններից․

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը չէր ցանկանում ազատագրել մեր տարածքները։ Եվ դա՝ ոչ միայն ղարաբաղյան կլանի նախկին ղեկավարները․․․ Փաշինյանն ինքն էր 2019թ․ Ստեփանակերտում ասում՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Ի՞նչ էր նա նկատի ունեցել։ Կամ, երբ նրա պաշտպանության նախարարն ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Եվ դա Քոչարյան-Սարգսյան բանդան չէր, դա Փաշինյանն էր։ Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում, ոչ թե այն պատճառով, որ նա փոխել է իր իդեոլոգիան։ Իդեոլոգիան նույնն է․ նրանք մինչև հիմա ապրում են դրանով։ 

Հայաստանի կառավարության և ընդդիմության տարբերությունը միայն այն է, որ կառավարությունը հասկանում է, որ եթե նրանք շարունակեն կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նրանց նորից կջարդենք։ Ընդդիմությունը ցանկանում է իշխանությունից գցել Փաշինյանին, դրա համար ուզում են, որ նա այդ սխալն անի։ Մենք կարիք ունենք տեսանելի երաշխիքների․ դրանք կլինեն Հարավային Կովսկասի խաղաղության լավագույն երաշխիքները»։