Միջազգային

Ադրբեջանն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով` 2023 թվականի նոյեմբերի 17-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) կիրառման հետ կապված ժամանակավոր միջոցների մասին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 
 
«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հատկանշական է, որ դատարանը մերժել է Ադրբեջանի բոլոր ռազմական և ուժային կառույցների անձնակազմին Ղարաբաղի շրջանից դուրս բերելու պահանջը։
 
Դատարանի մատնանշած միջոցները հաշվի են առնում Ադրբեջանի կառավարության արդեն իսկ հայտարարված քաղաքականությունը Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ։ Սա ներառում է մեր հանձնառությունը բոլոր բնակիչների անվտանգությանն ու ապահովմանը` անկախ նրանց ազգային կամ էթնիկ ծագումից: Ադրբեջանը երբեք հայ բնակիչներին չի վտարել Ղարաբաղից, և չնայած Ադրբեջանի կոչերին՝ նրանց լուծումը Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելն էր։ Ադրբեջանը, համաձայն իր Սահմանադրության և համապատասխան միջազգային պարտավորությունների, ձգտում է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքներն Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։

Այն, որ դատարանը չի պահանջել միջոցներ ձեռնարկել կապված Հայաստանի պահանջի հետ՝ նպաստելու ՄԱԿ-ի առաքելությունների այցը Ղարաբաղյան տարածաշրջան և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցությունը, այս ոլորտում Ադրբեջանի բաց լինելու և համագործակցության արդյունք է»,- ասված է հայտարարությունում։ 
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է նաև, որ դատարանը չի բավարարել նաև Հայաստանի խնդրանքը՝ կապված ձերբակալված անձանց հետաքննչական գործողությունների հետ:

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը և մյուս բոլոր կողմերը կդադարեն միջամտել օրինական քննչական գործողություններին։ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում իր պարտավորություններին և հանձնառու է կատարել դրանք՝ կենտրոնանալով խաղաղ և բարգավաճ տարածաշրջան կառուցելու վրա»,- նշված է հաղորդագրությունում։