Միջազգային

«Թուրքիան լուծումներ է առաջարկում այնտեղ, որտեղ ՄԱԿ-ն անարդյունավետ է՝ Ուկրաինա, Ղարաբաղ»․ Ալթուն

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ցույց են տալիս գլոբալ խնդիրները լուծելու իրենց անկարողությունը և նույնիսկ սրում են իրավիճակը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունի հոդվածում, որը հրապարակվել է իսպանական Atalayar հրատարակությունում։

Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, լուծումներ է առաջարկում այնտեղ, որտեղ ՄԱԿ-ը ձախողվել է։ Ալթունի խոսքով՝ ակնհայտ է, որ «միջազգային կազմակերպությունները պետք է ստեղծվեն նոր դարաշրջանի լույսի ներքո՝ հաշվի առնելով նոր հավասարակշռությունները»։

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Անկարան պատրաստվում է նոր «բազմաչափ» միջազգային միջավայրի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցրած «Աշխարհը հինգից ավելի է» թեզի համաձայն։ Նրա խոսքով՝ գլոբալ և տարածաշրջանային խնդիրները լուծելու համար Թուրքիան արդյունավետորեն օգտագործել է հումանիտար և դիվանագիտական ​​ուղիները, ինչպես նաև միջպետական ​​փոխգործակցության ժամանակակից գործիքները, այդ թվում՝ «ժողովրդական դիվանագիտությունը»։

«Վերջին տարիներին ձեռք բերված բեկումների շնորհիվ Թուրքիան միջազգային ասպարեզում հեղինակություն է վայելում և հաջողությամբ դերակատարի տեղ զբաղեցնում տարածաշրջանային հարցերում, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում»,- ընդգծել է նա։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հեղինակը նշել է, որ նախագահ Էրդողանի գլխավորությամբ քարոզվող «լուծմանը միտված քաղաքական դիրքորոշումը» և խնդրի մարդասիրական կողմի շեշտադրումն այս փաստի բացահայտ ապացույցն են։

«Ուկրաինան, Ղարաբաղը և տարածաշրջանային այլ հարցեր հստակորեն ցույց են տվել, որ Թուրքիայի Հանրապետությունը, թևակոխելով իր երկրորդ դարը, դարձել է տարածաշրջանում առանցքային խաղացող և առաջատար երկիր», - ասել է Ալթունը։