Միջազգային

Կարմիր խաչն այցելել է Արայիկ Հարությունյանին և Ադրբեջանում պահվող մնացյալ անձանց

Radar Armenia-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

«Տեսակցությունները անցել են ըստ մեր ստանդարտ ընթացակարգերի, և հանդիպումների ժամանակ նաև հնարավորություն է տրվել բոլորին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերին մեր կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են նաև մյուս պահվող անձնանց, որոնց ձերբակալումը Ադրբեջանի իշխանությունը հաստատել է ԿԽՄԿ-ին։ Նույն ընթացակարգերով կազմակերպության ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել այլ պահվողների հետ և հնարավորություն տվել կապ հաստատել հարազատների հետ»,- հայտնել է Ամատունին։