ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տելեգրամյան իր էջում կիսվել է «News.am» լրատվականի՝ Ալեն Սիմոնյանի նյութով, որտեղ վերջինս, անդրադառնալով Մարիա Զախարովային, ասել էր, թե չի պատրաստվում մեկնաբանել քարտուղարուհիների խոսքերը։
Մարիա Զախարովան գրել է. «Դժվար է վիճել, որ մակարդակի հետ կապված ակնհայտ խնդիրներ կան։ Ուզում եմ աջակցության խոսքեր ասել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին». ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը (ոչ թե քարտուղարուհու, այլ քարտուղարի աշխատանքը) նույնիսկ ամենաբարձր ղեկավարի հաջողության գրավականն է։ Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի, այդ թվում՝ ժամանակացույցի, հանդիպումների կազմակերպման, փաստաթղթերի հետ աշխատելու, զանգերի ընդունման և միլիոնավոր տարբեր հոգսերի, ամեն ինչ կկործանվի: Մի նեղացեք․ այս մարդը, վստահ եմ, առանց մտածելու է «դուրս տվել»։ Մի տարածեք ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ՝ որպես հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունք։ Հայ ժողովուրդը իմաստուն է, բազմաչարչար ու սիրառատ»։