Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի, հայ-ադրբեջանական բանակցությունների, դրանց չեղարկման և այլ հարցերի։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը լուրջ մարտահրավերների են բախվում Հայաստանի կողմից լարվածության սրման և ռևանշիզմի միտումնավոր քաղաքականության պատճառով։ Չնայած 2022թ․ դեկտեմբերին իր առաջին անհաջողությանը՝ Հայաստանը կրկին փորձում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական ուղղվածություն ունեցող մանիպուլյատիվ արշավի գործիքի։
… Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ կապված տարածաշրջանում «մարդասիրական իրավիճակի վատթարացման» և «շարունակվող շրջափակման» մասին անհիմն հայտարարությունների հետ, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը միտումնավոր և նպատակաուղղված խոչընդոտում է միջազգային գործընկերների միջոցով հավասարակշռված, միջազգային իրավունքի վրա հիմնված և ընդունելի լուծում գտնելուն ուղղված ջանքերին։ Ինչպես հայտնի է, վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի լայնածավալ չարաշահումների փաստերը հանգեցրել են Ադրբեջանի կողմից սահմանային անցակետի ստեղծման օրինական միջոցների անհրաժեշտությանը՝ իր սահմանին անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը փորձել է այդ ջանքերը ներկայացնել որպես «շրջափակում» և խնդրել է միջազգային դատարանին՝ որոշում կայացնել անցակետի վերացման վերաբերյալ, դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ միաձայն մերժեց հայցը։
Հայաստանը չի հաշտվել այն իրողության հետ, որ զրկված է Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերված զինված ուժերի կարիքները ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործման հնարավորությունից։ Այդ իսկ պատճառով Հայաստանը քարոզչական արշավ սկսեց ամբողջ աշխարհում՝ ստեղծելով մի շարք ռազմական և այլ խոչընդոտներ սահմանային անցակետի բնականոն գործունեության դեմ, ինչպես նաև հրաժարվելով այլ երթուղիներից, օրինակ՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհից։
Վերջերս, մի շարք ինտենսիվ խորհրդակցություններից հետո, վերջապես պայմանավորվածություն էր ձեռք բերվեց տարբեր երթուղիներով Ղարաբաղ մարդասիրական պաշարների առաքման, ինչպես նաև Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Առաջին հարցով տեղի բնակիչների կարիքները բավարարելու, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով մարդասիրական բեռների առաքման համար պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ էր վերացնել ֆիզիկական խոչընդոտները, որոնք տեղադրված էին՝ կանխելու Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործումը։ Դրան հաջորդեց ԿԽՄԿ-ի կողմից Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը 24 ժամվա ընթացքում: Բոլոր կողմերը, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ-ն, պատրաստ էին կյանքի կոչել այս համաձայնագիրը։
Երկրորդ հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվլախում հանդիպում անցկացնել Ադրբեջանի հատուկ ներկայացուցչի և տեղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև։ Սակայն 2023թ․ օգոստոսի 5-ին Հայաստանը վերջին պահին հրաժարվեց իր իսկ ձեռք բերված երկու համաձայնություններից՝ առաջ քաշելով քաղաքական դրդապատճառներ, անօրինական պայմաններ և տարբեր հիմնավորումներ։ Այն, ինչ Հայաստանը պահանջում էր ընդհանրապես միջազգային հանրությունից և, մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, իսկապես կարելի էր հասնել մի քանի օր առաջ՝ շնորհիվ գործընկերների, այդ թվում՝ անվտանգության խորհրդի անդամների աջակցության։ Դա տեղի չունեցավ միայն Հայաստանի մերժման պատճառով։ Եթե Հայաստանը և, այսպես կոչված, իր իրավասության տակ գտնվող «ռեժիմը» հետևեին համաձայնագրին, ապա հարցը կլուծվեր օգոստոսի սկզբին՝ ընդունելի շրջանակ ապահովելով Ղարաբաղի տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական ապրանքներ մատակարարելու համար, ինչպես նաև դյուրացնելով մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների երթուղիները: Ուստի, չնայած Ադրբեջանի ինտենսիվ փոխգործակցությանը ՌԴ, ԱՄՆ, Եվրամիության և ԿԽՄԿ-ի հետ՝ այս իրավիճակից ելքեր փնտրելու համար, չպետք է կասկած լինի, որ Հայաստանը միտումնավոր խոչընդոտում է այդ դիվանագիտական ջանքերին։
Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ այս քարոզարշավի մի մասն է և այս առումով լուրջ հարված է հասցնում ներգրավված կողմերի, այդ թվում՝ անվտանգության խորհրդի անդամների ջանքերին։ Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված ուժերը ուժեղացրել են ռազմատեխնիկական և այլ ռազմաշինարարական աշխատանքները, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետով Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է։
Հատկապես մտահոգիչ է Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում անօրինական կերպով տեղակայված էլեկտրոնային պատերազմի տեխնիկայի օգտագործումը։ Վերջին շաբաթներին «Ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռների հետ մեկտեղ էլեկտրոնային միջամտության են ենթարկվել նաև արտասահմանյան երկրների օդանավերը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում նրանց անվտանգությանը։ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմաինժեներական աշխատանքներին և ապօրինի գործողությունների ակտիվացմանը զուգընթաց, վերջին օրերին նկատվում է մեծ քանակությամբ սպառազինության, ռազմական տեխնիկայի և անձնակազմի կենտրոնացում՝ փորձելով հերթական ռազմական արկածախնդրությունն իրականացնել չսահմանազատված պետական սահմանին։
Վերոնշյալ փաստերը հաստատում են վերջին 30 տարվա Հայաստանին բնորոշ գործելաոճը՝ ինչպիսիք են բանակցությունների կեղծումը, բանակցությունների յուրաքանչյուր փուլում քաղաքական, ռազմական և այլ սադրանքները՝ վերջին պահին խուսափելու իրենց նախկին պարտավորություններից և կատարումից։ Միևնույն ժամանակ, նման գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային հավակնությունները Ադրբեջանի հանդեպ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը հակասում է իր գործողություններին։
2020թ. պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղություն՝ հիմնված փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց սահմանների անձեռնմխելիության հարգման վրա։ Ադրբեջանը նաև վարում է Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայազգի բնակիչների, որպես իրավահավասար քաղաքացիների, վերաինտեգրման քաղաքականություն՝ ապահովելով նրանց իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Ադրբեջանի սահմանադրությամբ և բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով։ Միևնույն ժամանակ, ցույց տալով իր հավատարմությունն այս բոլոր կետերին՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով։
Այս կրիտիկական փուլում, առավել, քան երբևէ, կարևոր է առկա ռիսկերի հստակ ըմբռնումը և միջազգային հանրության համարժեք արձագանքը Հայաստանի սադրանքներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի առջև ծառացած դժվարությունները հաղթահարման և հայկական ծագում ունեցող տեղաբնակների՝ Ադրբեջանի քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում վերաինտեգրման համար։ Կարևոր է ապահովել, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ստեղծված պատմական հնարավորությունը չվատնվի», - ասված է հայտարարության մեջ։