Միջազգային

«Խաղն ավարտված է»․ Հաջիևն արձագանքել է Լաչինի ճանապարհով բեռների տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Երևանից Արցախ հումանիտար բեռների տեղափոխման շուրջ ստեղծված իրավիճակին և հայտարարել, որ խաղն ավարտված, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Հաջիևը նշել է, որ «Հայաստանն զբաղված է քաղաքական շահարկումներով Լաչինի ճանապարհի հարցում»։ Նրա խոսքով՝ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը կօգտագործվի ավելի մեծ ծավալի առաքումների համար։ Նա անընդունելի է համարել «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհից հրաժարվելը և Լաչինի ճանապարհն օգտագործելու պնդումը»։ 

«Անհրաժեշտ է ապահովել բոլոր անօրինական ուժերի զինաթափումը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ ուղերձ հղի Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի օգտագործման և Ղարաբաղի հայ բնակիչների՝ Ադրբեջանին վերաինտեգրման մասին։ Այլ ճանապարհ չկա։ Խաղն ավարտված է»,- ընդգծել է Հաջիևը։