Բանակցություններն առարկայական էին։ Կարծիքների փոխանակումը եղել է անկեղծ, ազնիվ և բովանդակալից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը` Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո։
Նա նշել է Վաշինգտոնում և Բրյուսելում հանդիպումների ինտենսիվ և արդյունավետ բնույթը։
«Մենք անցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաամբողջական և եռանդուն փուլերից մեկը։ Ես արժանին եմ մատուցում երկու առաջնորդներին՝ խաղաղության գործընթացին նրանց նվիրվածության համար և խրախուսում եմ նրանց հետագա համարձակ քայլեր ձեռնարկել՝ դեպի հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց ապահովելու համար։ Մենք քննարկել ենք օրակարգային բոլոր հարցերը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են ակտիվացնել սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները։
«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ևս մեկ անգամ վերահաստատել են փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, և որ սահմանազատումը պետք է իրականացնել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Ես ողջունեցի հուլիսի 12-ին սահմանային երկու հանձնաժողովների հանդիպումը։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Եվ շատ կարևոր է, որ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը»,- ասել է Միշելը։
Նրա խոսքով՝ վերջին երկու ամսվա ընթացքում կողմերը նաև հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում:
«Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնք կպահպանեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։ Երկաթուղային կապի կառուցումը պետք է ձեռնարկվի անհապաղ։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Որոշ մանրամասներ դեռևս հստակեցում են պահանջում, սակայն այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ համընկնում են, և տարբերակներն ակտիվորեն մշակվում են»,- նշել է նա:
Եվրամիության խորհրդի նախագահի խոսքով՝ կողմերը քննարկել են նաև Ղարաբաղի հայ բնակչության վիճակը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և որևէ մեկին ձեռնտու չէ։ Մենք քննարկել ենք նաև հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կօգնեն կարգավորել իրավիճակը։ Շեշտել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հավասարապես Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար։ Երկու տարբերակներն էլ կարևոր եմ համարում և խրախուսում եմ մարդասիրական փոխադրումները երկու կողմերից էլ՝ բնակչության կարիքներն ապահովելու համար: Ես նաև ողջունեցի ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխությունների վերսկսումը»,- նշել է նա:
Շառլ Միշելը շեշտել է, որ այնտեղ գտնվող մարդիկ ապահովության կարիք ունեն:
«Այս համատեքստում նշեցի՝ Եվրամիությունը կարևոր է համարում Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսության հաստատումը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի վստահություն բոլոր կողմերի համար»,- նշել է նա:
Քննարկվել են նաև ձերբակալվածների և գերիների վերաբերյալ հարցերը։
«Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունն այն ըմբռնմանը, որ կհեշտացվի այն զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշաբար մյուս կողմ են անցել: Ես հանդես եմ եկել ձերբակալվածների երկու կողմերի ազատ արձակման օգտին։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի լուծման և ականազերծման գործում սերտ համագործակցության կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կոչ եմ արել կողմերին հնարավորինս փոխանակել տեղեկատվություն»,- նշել է Միշելը։
Նա հավելել է, որ պայմանավորվել են շարունակել շփումները և զարգացնել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
«Իրական առաջընթացը կախված է մոտ ապագայում ձեռնարկվելիք հաջորդ քայլերից։ Առաջին հերթին պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղ բանակցությունների և կարգավորման համապատասխան միջավայր ստեղծելու համար։
Ես նաև վերահաստատեցի իմ մտադրությունը՝ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ամռանից հետո Բրյուսելում կայանալիք ևս մեկ հանդիպման, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հերթական հնգակողմ հանդիպմանը Գրանադայում»,- իր ելույթը եզրափակել է Միշելը։