Միջազգային

Պրիգոժինը մեղադրել է Շոյգուին «Վագների» դեմ ռազմական հարձակման մեջ

Պրիգոժինը մեղադրել է Շոյգուին «Վագների» դեմ ռազմական հարձակման մեջ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել՝ իրենց ոչնչացնելու համար, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։ 

«Պետք է վերջ տալ այն չարիքին, որը կրում է ՌԴ ռազմական ղեկավարությունը։ Ով կփորձի դիմադրել, մենք կկործանենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- ասել է Պրիգոժինը։

Պրիգոժինը հայտարարել է նաև, որ Շոյգուն անձամբ է ղեկավարել օպերացիան։ 

ՌԴ ՊՆ-ն շտապել է հերքել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ «Վագների» թիկունքային ճամբարների վրա հարձակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են»»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարությունում։ 

 ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է տիրող իրավիճակին, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական