ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հարցազրույց է տվել «ՏԱՍՍ» գործակալությանը՝ խոսելով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, եռակողմ բանակցությունների, փոխվարչապետերի հանդիպման և հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։
Օվերչուկը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հետ, որի արդյունքում ձևավորվել է համապարփակ փաստաթուղթ, ըստ որի՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի երկաթուղու վերականգնմամբ, որը գնալու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով։
Այն ելնում է կողմերի ինքնիշխանության հարգանքից, որոշարկում է հիմնական մոտեցումները, կարգավորում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգը։ Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում․ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է՝ դրանք ակնհայտ բաներ են, բայց, հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի»։