Միջազգային

ԱՄՆ–ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հատուկ հայտարարություն է տարածել հայ–ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։

«Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը շարունակվում է։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։ Վերջերս մեր երախտագիտությունն ենք հայտնել խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին»,– ասված է նրա հայտարարության մեջ։

Ըստ Միլլերի՝ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մեր եվրոպացի գործընկերների հետ այս շաբաթվա վերջին կհանդիպեն Քիշնևում, և հուսով ենք, որ արդյունավետ քայլ կլինի խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու համար, այլ ոչ բռնության միջոցով։ Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը»: