Միջազգային

Ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպում

Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից սա օգտակար է, լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում։ 

«Մենք երախտապարտ ենք, որ համաձայնեցիք այս միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ներկայությանը։ Կարծում եմ, որ ամեն դեպքում, տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից սա օգտակար է, լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում։ 

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված զգայուն հարցերին, ես և վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ դեմ առ դեմ քննարկեցինք այս ամենը։ Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Համոզված եմ, որ եթե ի վերջո, չնայած բոլոր դժվարություններին, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են. սա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով` տարբեր ոլորտներում Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ: Նա ընդգծել է, որ ապրանքաշրջանառությունը հաստատուն դրական դինամիկա է ցույց տալիս: Նախորդ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով` հասնելով 5 մլրդ դոլարի, իսկ այս տարվա հունվար-մարտ ամիսներին աճել է ևս 1,5 մլրդով: «Եթե գործընթացն այս տեմպով զարգանա, ապա, անկասկած, ակնհայտորեն կգերազանցենք նաև նախորդ տարվա ռեկորդը»,- ասել է ՌԴ նախագահը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավասության պահպանման պայմանով:

«Այսօր մենք աշխատանքային ռեժիմով քննարկել ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում՝ մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը։ Ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև Հայաստանի Հանրապետության բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությունով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»,- նշել է վարչապետը։