Միջազգային

«ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքում հայ-ադրբեջանական երկու փաստաթուղթ կստորագրվի». Коммерсант

Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է այսօր Մոսկվայում ընթացող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին և սպասվելիք Պուտին-Փաշինյան-Ալիև երկկողմ ու եռակողմ բանակցություններին․ «Մոսկովյան բանակցությունների վերջնական արարը պետք է լինի եռակողմ համաժողովը, որին կմասնակցեն Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը։ Գագաթնաժողովի արդյունքում, ըստ ամենայնի, Մոսկվան հենց սրա վրա է հույսը դնում, որ պետք է առնվազն երկու փաստաթուղթ ընդունվի», - գրում է թերթը։ 

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ փաստաթղթերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ է, որը պատրաստել են փոխվարչապետները։ Մյուսը Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունն է, որը մշակվել է երեք երկրների ԱԳՆ-ների կողմից։

«Կոմերսանտը» նաև գրել է, որ «Մայիսի 23-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի, Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ։ Նրանք ևս մեկ փորձ են կատարել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը տեղից շարժելու համար։ Բաքվի համար սկզբունքային է «երկիրը կապելու»՝ ամուր նյութատեխնիկական կապ հաստատելու իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։

«Փաստաթղթերի ընդունումը Մոսկվային թույլ կտա խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում։ (Մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում բանակցությունների արդյունքներից հետո փաստաթղթեր չեն ընդունվել)», - հավելում է հրատարակությունը։