Միջազգային

Այժմ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման գործընթացը կհեշտանա»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ այն բանից հետո, երբ Երևանը կճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման գործընթացը կհեշտանա։

«Իհարկե, այսօր մենք խոսելու ենք տարածաշրջանային խնդիրների մասին։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական կողմի ջանքերի համար։ Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, և այն փաստը, որ Ռուսաստանն այսօր մասնակցելու է եռակողմ հանդիպմանը, ցույց է տալիս, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։

Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կետերի շուրջ համաձայնությունն ավելի արագ կիրականացվի այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից հետո՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ նշելով կոնկրետ թվեր Ադրբեջանի Հանրապետության տարածքի համար, խաղաղության պայմանագրի այլ կետերի շուրջ համաձայնեցնելու հարցը շատ ավելի հեշտ կլինի։ Որովհետև դա էր այն հիմնական գործոնը, որի շուրջ մենք չէինք կարողանում համաձայնության գալ։ Կրկին Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով եմ, որ այսօր մենք ևս մեկ քայլ կանենք եռակողմ ձևաչափով՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»,- ընդգծել է Ալիևը։