Միջազգային

Թուրքիան Հայաստանի ինքնաթիռների համար փակել է թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետի

Թուրքիան Հայաստանի VIP-անձանց ինքնաթիռների համար փակել է երրորդ երկրներ թռիչքների հնարավորությունը, այդ թվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հարցազրույցը 24TV-ին։ 

«Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում, հիմա մենք փակել ենք։ Փակել ենք նաև VIP անձնակազմերի համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս ՍԾՏՀ ԽՎ նիստին (Անկարայում), մենք ընդունում էինք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։