«Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ մշտադիտարկման դիտորդները պաշտոնական Բաքվին տեղեկատվություն են փոխանցում հայ-ադրբեջանական սահմանին պարեկության անցկացումից», - այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։
Խոսելով Politico-ի հետ անանուն մնալու պայմանով՝ ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ափսոսանք է հայտնել այն փաստի համար, որ դիտորդական առաքելության հարաբերությունները Բաքվի հետ վատթարացել են․ «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային ծառայության և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ որևէ խնդիր չենք ուզում ստեղծել», - նշել է դիվանագիտական աղբյուրը:
«Politico»-ն նաև գրում է, որ քանի որ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ պատերազմում, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին ու փորձելով հավասարակշռություն պահպանել երկու հակառակորդ պետությունների միջև: