Միջազգային

ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատ ունեցող հինգ փորձագետներ Ադրբեջանին կոչ են արել բացել Լաչինի միջանցքը

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատ ունեցող հինգ փորձագետներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը հրատապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով փորձագետները, մասնավորապես, հայտարարել են, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային օղակն է և ունի հումանիտար մեծ նշանակություն: Շրջափակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 մարդու սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը: Հումանիտար իրավիճակը սրվել է գազամատակարարման պարբերական ընդհատումների պատճառով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների գործունեությունը։ Կրթական հաստատությունները նույնպես չեն կարողացել գործել և դադարեցրել են իրենց գործունեությունը:

Փորձագետները լուրջ մտահոգություն են հայտնել առ այն, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև շրջափակումը կարող է հանգեցնել բնակչության համար մարդասիրական ծանր հետևանքների և նրանց իրավունքների խախտման: