Միջազգային

Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի դիմումի վավերացման գործընթացը

Թուրքիան սկսում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի դիմումի վավերացման գործընթացը: Հարցը կքննարկվի Թուրքիայի խորհրդարանում։ Այս մասին Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը։ Էրդողանի խոսքով՝ Ֆինլանդիան «անկեղծ և կոնկրետ քայլեր է ձեռնարկել» Անկարայի անվտանգության հետ կապված մտահոգությունները լուծելու համար:

«ՆԱՏՕ-ին ուղղված դիմումների առանձին քննարկման մասին որոշումը կայացվել է Ֆինլանդիայում ահաբեկիչների հանցակիցների բացակայության լույսի ներքո, ինչը չի կարելի ասել Շվեդիայի մասին»,- ասել է Էրդողանը։

Անդրադառնալով ռազմաքաղաքական դաշինքին միանալու Ստոկհոլմի հայտին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին դիմելու շուրջ բանակցությունները կշարունակվեն դաշինքի սկզբունքների լույսի ներքո և հաշվի առնելով Անկարայի վերաբերմունքն ահաբեկչության դեմ պայքարի թեմային։

«Անկարան Ստոկհոլմին է փոխանցել 120 ահաբեկիչների ցուցակը։ Առանց այդ հանցագործների Թուրքիա արտահանձնման, դրական վերաբերմունք ՆԱՏՕ-ի դիմումին անհնար է։ Ահաբեկչության դեմ պայքարի հարցը Թուրքիայի համար «կարմիր գիծ» է. Անկարայի վերաբերմունքը Ստոկհոլմի դիմումին կորոշվի շվեդական կողմի կոնկրետ քայլերով»,- պարզաբանել է Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Անկարան վճռական է տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու հարցում՝ մեկընդմիշտ փակելով այդ հարցը Թուրքիայի ապագայի համար։ Էրդողանը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կհաստատվի խորհրդարանի կողմից մայիսին Թուրքիայում կայանալիք ընտրություններից առաջ։