Միջազգային

ԱՄՆ հետախուզական ծառայությունները` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, Հետախուզությունների դաշնային բյուրոյի, Պաշտպանության հետախուզական գործակալության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները մարտի 8-ին ԱՄՆ Կոնգրեսին են ներկայացրել իրենց ամենամյա «Գլոբալ ռիսկերի» մասին հաղորդումը։ Զեկույցում տեղ է գտել նաև Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հատված։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մերձավորությունը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստակամությունը` օգտագործելու ռազմական թիրախավորված ճնշում Հայաստանի հետ բանակցություններում սեփական նպատակները առաջ մղելու համար», - ասվում է կառույցների հրապարակված համատեղ զեկույցում։ 

Նշվում է, որ սահմանի երկայնքով երկու երկրների զինված ուժերի մոտ տեղեկայված լինելը մեծացնում է էսկալացիայի հնարավորությունը՝ «թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ուժգնությամբ»:

Զեկույցում հիշեցվում է, որ 2021թ. մայիսից սկսյալ միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022թ. սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական մի շարք տարածքներ, որի հետևանքով զոհվել է գրեթե 300 զինծառայող։

«Խաղաղության բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն ամենադժվար խնդիրները՝ կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են լուծվելուց»,- եզրափակվում է զեկույցում։