Եթե ռուսաստանյան զորքերին հաջողվի գրավել Բախմուտը, դա կլինի Ուկրաինայի արևելքում նրանց հարձակման մաքսիմալ կետը, քանի որ նրանք չունեն մարտական ռեզերվ՝ դրանից այն կողմ անցնելու համար․ նման եզրակացություն է պարունակվում պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական վերլուծական ակնարկում։
Փորձագետների գնահատմամբ՝ «Վագներ»-ի սեփականատեր Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը, որ իր վարձկանները գրավել են ամբողջ Արևելյան Բախմուտը, համապատասխանում է առկա վիզուալ ապացույցներին, և այժմ քաղաքի տարածքի առնվազն կեսը գտնվում է «վագներականների» վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ, ISW-ն նշում է, որ որևէ բան չի վկայում այն մասին, որ ռուսական զորքն ունի լավ հագեցած և պատրաստված ռեզերվ՝ Բախմուտից այն կողմ անցնելու համար: