Թբիլիսիում ոստիկանական ուժերի գործողությունների արդյունքում ցուցարարները հեռացվել են Վրաստանի խորհրդարանի շրջակայքից և Ռուսթավելի պողոտայից։ Իրավապահ մարմիններն այսօր կրկին օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Ըստ վրացական ԶԼՄ-ների` խորհրդարանի շրջակայքը ոստիկանական գործողությունների արդյունքում ամբողջովին մաքրվել է ցուցարարներից։ Ռուսթավելի պողոտան նույնպես աստիճանաբար անցնում է ոստիկանական վերահսկողության տակ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցուցարարներին կարգի է հրավիրել՝ նրանց կոչ անելով գործել օրենքի շրջանակներում։
«Մենք տեսնում ենք, որ, ցավոք, արմատական ընդդիմությունն իր հայտարարություններով ու ծրագրերով ամեն կերպ փորձում է սրել իրավիճակը, համոզել քաղաքացիներին խախտել օրենքը: Ցանկացած կարծիք պետք է արտահայտվի միայն օրենքի շրջանակներում»,- ասել է նա։
Ավելի վաղ ցուցարարները հանել էին խորհրդարանի արգելապատնեշները, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ փորձելով ներխուժել խորհրդարան։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ անսպասելիորեն ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը, այն ուղղված է արևմտյան ազդեցության սահմանափակմանը: Այս ամենը ինքնաբուխ բողոքի ցույցեր և բախումներ է առաջացրել խորհրդարանի մոտ, որի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։