Միջազգային

Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիաները Թբիլիսիում

Այսօր լարված իրավիճակ էր առաջացել Թբիլիսիի խորհրդարանի մոտ։ Իրավիճակը սրվել է, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հատուկջոկատայինները փակել են խորհրդարանի մուտքը։ 

Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ նշելով, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վրա։

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու պատասխանատուները կարող են ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների։ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը կարող է վտանգել Վաշինգտոնի և Թբիլիսիի գործընկերությունը։

ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ Օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհամարժեք է ԵՄ արժեքներին և հակասում է Վրաստանի եվրաինտեգրման ուղուն։

Ըստ տեղական զլմ-ների` Թբիլիսիում ոստիկանությունը ձեռնամուխ է եղել բողոքի ակցիան ցրելուն, օգտագործվում են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ։ Կան նաև ձերբակալվածներ։ 

Թբիլիսիում բողոքի ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները ավարտվում են։ Ցուցարարների մեծամասնությունը լքել է Ռուսթավելի պողոտան։