Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ ԼՂ տարածքում իրականացված ադրբեջանական դիվերսիային։ 

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։

Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ու կողմերի միջև շփման միջոցով՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության (ՌԽԱ) հովանու ներքո։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախապատրաստման դրույթների իրականացման շրջանակներում բանակցությունների շուտափույթ վերադարձի հրամայականը»,- ասվում է հայտարարության մեջ։