Միջազգային

Ո՞վ է թուրքական ընդդիմության առաջնորդը և ի՞նչ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ

Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսյան ընտրություններում կդառնա թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն: Այս որոշումն արդեն կայացվել է, ինչի մասին այսօր հայտնել էր թուրքական «Hurriyet»-ը: 

Քըլըչդաչօղլուն Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն է 2010 թվականից, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է 2002 թվականից։ Քըլըչդարօղլուի ընտանիքը պատկանում է ալեվիական քուրեյշան ցեղին։ 

2009 թվականին նա ԺՀԿ-ի կողմից առաջադրվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում, հավաքել ձայների 36,8%-ը։ 2010 թվականի մայիսի 22-ին կայացած կուսակցության 33-րդ համագումարում Դենիզ Բայկալի հրաժարականից հետո ընտրվել է ԺՀԿ նախագահ։ Քըլըչդարօղլուի թեկնածությանը կողմ է քվեարկել 1250 պատվիրակից 1246-ը, ինչը ռեկորդ է դարձել ԺՀԿ-ի պատմության մեջ։

2016թ. Քըլըչդարօղլուի դեմ մահափորձ էր կատարվել Արդվինի շրջանում։ 2017թ. սահմանադրական հանրաքվեից առաջ Քըլըչդարօղլուն ակտիվ դեմ էր արտահայտվում սահմանադրական փոփոխություններին, որոնք էապես մեծացնում էին նախագահ Էրդողանի իշխանական լիազորությունները։ 

Քըլըչդարօղլուն հայտնի է Էրդողանի ու նրա ընտանիքի կոռուպցիոն գործարքների բարձրաձայնմամբ։ Նա բազմիցս մեղադրել է նախագահ Էրդողանին և նրա որդուն՝ Բիլալին, կոռուցիայի և փողերի լվացման մեջ։ 

Քըլըչդարօղլուն հայտնի է իր հակահայկական ելույթներով, որտեղ նա հայերին մեղադրում է տեռորիզմի, մարդկության դեմ կատարած հանցանքների ու հակաադրբեջանական գործողությունների մեջ՝ անընդհատ պնդելով որ հայերը պետք  է հեռանան «ադրբեջանական տարածքներից»։ Նա նաև բազմիցս դեմ է արտահայտվել հայերի ցեղասպանության ճանաչմանն ու կոչ արել, որ այդ հարցը թողնվի պատմաբաններին։ Բայց, դրան զուգահեռ, այցելել է Ստամբուլում տեղակայված «Հրանտ Դինք» հիմնադրամ և հանդիպել Դինքի այրուն՝ Ռաքելին։ Քըլըչդարօղլուն համարվում է նաև Թուրքիայի քեմալիստական շարժման առաջնորդ։