Միջազգային

Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել

Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել գնացքների վթարից հետո՝ ասելով, որ ընդունում է միջադեպի քաղաքական պատասխանատվությունը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, որը հրապարակել է նախարարի հայտարարությունը։

Կարամանլիսը հայտարարել է, որ կառավարությունը հունական երկաթուղին ընդունել է «21-րդ դարին ոչ հարիր» վիճակում։

«Այս 3,5 տարիների ընթացքում մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այս իրողությունը բարելավելու համար, ցավոք սրտի, այդ ջանքերը բավարար չէին նման վթար կանխելու համար, և դա շատ դժվար է բոլորիս և անձամբ ինձ համար»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նման ողբերգությունից հետո անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

«Ես մի քանի տարի է, ինչ զբաղվում եմ քաղաքականությամբ, բայց մեր ժողովրդավարության անհրաժեշտ տարր եմ համարում, որպեսզի մեր երկրի քաղաքացիները վստահեն քաղաքական համակարգին, սա կոչվում է քաղաքական պատասխանատվություն։ Այդ իսկ պատճառով ես հրաժարական եմ տալիս»,- ասված է հաղորդագրությունում

Կարամանլիսը հացելել է, որ դա իր պարտքն է համարում՝ որպես զոհված մարդկանց հիշատակի հանդեպ հարգանքի նվազագույն նշան՝ «ստանձնելով Հունաստանի պետական ​​ու քաղաքական համակարգի վաղեմի սխալների պատասխանատվությունը»։ Կարամանլիսը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։