Միջազգային

Տոկաևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին երկրի ինքնիշխանությանը մշտապես աջակցելու համար

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է պաշտոնական այցով Աստանա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին հայտնում է «Կազինֆորմ»-ը։

Ողջունելով ամերիկացի դիվանագետին՝ Ղազախստանի նախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ղազախստանն ու ԱՄՆ-ն օրինակելի փոխգործակցություն են կառուցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Ձեր այցը հատկապես կարևոր է մեր ռազմավարական համագործակցության կառուցմանը լրացուցիչ ազդակ հաղորդելու տեսանկյունից։ Մենք ունենք շատ լավ և հուսալի երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ այնպիսի ռազմավարական կարևոր ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, էներգետիկան, առևտուրը և ներդրումները։ Ուստի մենք պատրաստ ենք այդ համագործակցության հետագա զարգացմանը։ Օգտվելով այս հնարավորությունից՝ կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների կողմից մեր անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը մշտապես և հաստատուն աջակցելու համար», – ասել է նախագահը։

Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ Տոկաևը նշել է, որ ԱՄՆ-ն, ավելի քան 62 մլրդ դոլարով, Ղազախստանում խոշորագույն ներդրողներից մեկն է:

Ղազախստանի նախագահը ողջունել է C5+1 ձևաչափով համագործակցության ընդլայնմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը՝ կարևորելով Աստանայում Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ցուցաբերած հյուրընկալության համար և նրան փոխանցել ԱՄՆ նախագահի ջերմ ողջույնները:

«Երկկողմ մակարդակում կարևոր է զարգացնել ավելի քան 30 տարվա ընթացքում ձեռք բերված նշանակալի հաջողությունները, խորացնել և ամրապնդել մեր գործընկերությունը։ Միայն վերջին տարիներին մենք այս ուղղությամբ նոր կարևոր հաջողությունների ենք հասել։ Մեզ կապում են ամուր հարաբերությունները, և դրանք միայն կամրապնդվեն։ Մենք հավատարիմ ենք այս ընթացքին։ Միևնույն ժամանակ, մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր թիմին այն բանի համար, որ այսօր այստեղ՝ Աստանայում, հավաքել եք Կենտրոնական Ասիայի գործընկերներին: Ես հույս ունեմ, որ մենք գործընկեր արտգործնախարարների հետ կմասնակցենք տարածաշրջանի միավորմանն ուղղված էլ ավելի կոնկրետ աշխատանքին՝ ստեղծելով ավելի ամուր կապեր, ավելի սերտ փոխգործակցելով, գործնական հարցերի վրա կողմնորոշվելով։ Կարծում եմ, որ դա օգուտ կբերի և՛ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին, և՛ Միացյալ Նահանգներին։ Մենք մտադիր ենք փոխգործակցել ամենաբարձր մակարդակով։ Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ և իմ ներդրումն ունենալ մեր համագործակցության ամրապնդման գործում», – ասել է Էնթոնի Բլինքենը։

Բացի այդ, ամերիկացի դիվանագետը բարձր է գնահատել Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական բարեփոխումները։