Միջազգային

Սերբիան և Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ծրագրին

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները պաշտպանել են Եվրամիության առաջարկած «հարաբերությունների կարգավորման ճանապարհի մասին» համաձայնագիրը, բայց կողմերի համար մարտին լրացուցիչ բանակցություններ կպահանջվեն, որպեսզի համաձայնեցնեն դրա ընդունման և իրականացման բոլոր մանրամասները: Այս մասին փետրվարի 27-ին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ես ուրախ եմ հայտնել, որ Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները ցուցաբերել են պատասխանատու մոտեցում և լուծումներ գտնելու պատրաստակամություն», - ասել է Բորելը՝ ընդգծելով, որ կողմերը դեռևս «պատրաստակամություն են հայտնել ձեռնամուխ լինել համաձայնագրի իրականացմանը», սակայն դրա համար «ավելի շատ աշխատանք է անհրաժեշտ» և հետագա բանակցություններ: Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ խոստացել են միակողմանի միջոցներ չձեռնարկել, որոնք կարող են լարվածության հանգեցնել և վտանգել համաձայնագրի կնքումը:

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին բանակցություններից հետո հայտարարել է, որ պատրաստ է եղել համաձայնագիրը ստորագրել արդեն փետրվարի 27-ին, հաղորդում է Reuters գործակալությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հակադարձել է, որ դա իրատեսական չէ, և անհրաժեշտ են հետագա խորհրդակցություններ։ «Դա երկար, դժվար և հոգնեցուցիչ գործընթաց է», - ավելացրել է նա: «Ես հույս ունեի, որ մենք կկարողանանք պայմանավորվել ինչ-որ փոխզիջումների շուրջ, սակայն պարոն Կուրտին պատրաստ չէր դրան», - Վուչիչի խոսքը մեջբերել է AP գործակալությունը: