«Ռուսական կողմը հետևողական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի պարամետրերի մշակման հարցում», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դրանց հիմքում 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որոնք նախատեսում են մի շարք առաջնահերթ միջոցառումներ, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացում։ Հետևողական աջակցություն ենք ցուցաբերում կողմերին՝ խաղաղության պայմանագրի մշակման հարցում», - նշել է փոխնախարարը։
Նա նշել է, որ միասին «այդ քայլերը պետք է հանգեցնեն տարածաշրջանում ամուր, կայուն և արդար խաղաղության համար պայմանների ստեղծմանը, ինչի արտացոլումը կդառնա խաղաղության պայմանագիրը»:
«Մեր միջնորդությունը կայանում է նրանում, որպեսզի ապահովվի կառուցողական և բովանդակալից երկխոսություն՝ փոխադարձ ընդունելի հանգուցալուծումներ գտնելու նպատակով, որոնք հաշվի կառնեն երկու կողմերի շահերը։ Այդ նպատակով Ռուսաստանի ԱԳ նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կանոնավոր այցեր է կատարում Երևան և Բաքու (վերջին անգամ՝ համապատասխանաբար փետրվարի 9-10-ը և 14-15-ը), - շարունակել է Գալուզինը, - Մենք նաև գործընկերներին ենք փոխանցել խաղաղության գործընթացի հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ ռուսական նկատառումները, որոնք հաշվի են առնում կողմերի մոտեցումները։