«Transparency International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Վրաստանին կոչ է անում չընդունել «օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքը:
Կազմակերպությունում անհանգստացած են նոր օրինագծով և նշում են, որ դրա ընդունումը լուրջ բացասական ազդեցություն կունենա քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների վրա, ինչպես նաև կխաթարի առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում:
Ըստ «Transparency International»-ի՝ իշխող կուսակցության նախաձեռնած օրինագիծը արտացոլում է 2012 թվականին Ռուսաստանում ընդունված և 2022 թվականին ընդլայնված ռեպրեսիվ օրենքը, որը խստորեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից:
«Ակտիվ քաղաքացիական հասարակությունը Վրաստանի մեծագույն արժեքներից մեկն է։ Առաջարկվող օրենքը վերաբերում է ոչ թե թափանցիկությանը, այլ անկախ քաղաքացիական հասարակության պիտակավորմանը և դեմոնիզացմանը: Եթե օրենքն ընդունվի, այն նաև կխոչընդոտի ապագա առաջընթացին լայն ոլորտներում, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը»,- ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի նախագահ Դելիա Ֆերեյրա Ռուբիոն:
«Transparency International»-ը խոսում է անկախ գործիչների նկատմամբ իշխող կուսակցության վրեժխնդրության մասին և հիշեցնում, որ 2022 թվականի Transparency International-ի՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսի հրապարակումից հետո պետական պաշտոնյաները հարձակվել են «Transparency International»-ի վրացական մասնաճյուղի վրա․
«Առաջարկն այն մասին, որ օտարերկրյա ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և ԶԼՄ-ները պետք է կոչվեն «օտարերկրյա գործակալներ, նույնպես հակասում է Վրաստանի կառավարության եվրաինտեգրման ձգտումներին»։