«Պետք է խուսափել Երևանի և Բաքվի միջև միջնորդական ջանքերի կրկնությունից և մրցակցությունից». Գալուզինը՝ Եգիպտոսի նախագահի նախաձեռնության մասին
Միջազգային
23 Փետրվարի, 11:05
«Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, գլխավորը՝ խուսափել միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանի դելիմիտացիայի միջոցառումները, վստահության ամրապնդումը հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստումը: Գլխավորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից, հասնենք դրանց ներդաշնակեցմանը», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Երևանի և Բաքվի միջև միջնորդության մասին Եգիպտոսի նախաձեռնությանը։
«Հենց այս իմաստով մենք ընկալում ենք Եգիպտոսի նման խոշոր և ազդեցիկ երկրի նախաձեռնությունը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար», - հավելել է Գալուզինը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար:
Հետևեք մեզ Telegram-ում