«Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ Մոսկվայի կողմից կդիտարկվեն որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք»», - հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ռազմական պլանավորման այն իրավիճակի վերլուծության տեսանկյունից, որում Ռուսաստանը գտնվում է սեփական անվտանգությունն ապահովելու համար, անհնար է անտեսել բրիտանական և ֆրանսիական ներուժը․ դա այժմ ամերիկյան ուժերի հետ համատեղ կդիտարկվի որպես միասնական «բռունցք», որն ուղղված է Ռուսաստանի դեմ», - լրագրողներին ասել է Ռյաբկովը:
Նա նշել է, որ այդ թեմայով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ ոչ մի շփում այս պահին չի նախատեսվում։
Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ֆրանսիայի և Բրիտանիայի միջուկային զսպման ուժերը պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրերի նախապատրաստման ժամանակ:
«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի արձագանքին։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (ՌԴ) միջև համաձայնագրերի պատրաստման ժամանակ նրանց ռազմավարական միջուկային ուժերը ներառված չէին միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, և ժամանակն է դա անելու», - չորեքշաբթի Telegram-ի իր ալիքում գրել է Մեդվեդևը։