Միջազգային

«Արևմուտքը մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա»․ Բայդեն

«Արևմուտքը մտադիր չէ հարձակվել Ռուսաստանի վրա»․ Բայդեն

Արևմտյան երկրները չեն ծրագրել հարձակվել Ռուսաստանի վրա, չեն ձգտում նրա նկատմամբ վերահսկողություն հաստատել կամ ոչնչացնել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Վարշավայում։

«Ես ևս մեկ անգամ դիմում եմ ռուս ժողովրդին. ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն ձգտում Ռուսաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատել կամ ոչնչացնել այն: Արևմուտքը չի պլանավորել հարձակվել Ռուսաստանի վրա։ ՌԴ միլիոնավոր քաղաքացիները, ովքեր ցանկանում են միայն խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, մեր թշնամիները չեն»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա ողբերգություն է անվանել Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։ Բայդենի խոսքով՝ Ռուսաստանը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Բայդենը, եթե Ուկրաինան դադարի պաշտպանվել Ռուսաստանի Դաշնության դեմ, դա կլինի Ուկրաինայի ավարտը։ «Այդ պատճառով մենք միասին ապահովում ենք, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև նշել է․ «Պուտինը կարծում էր, որ կարող է էներգիան օգտագործել որպես զենք, բայց ոչ։ Մենք մոբիլիզացրինք և նվազեցրինք մեր կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից»։ 

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աշխարհում մեծ կոալիցիա է կազմել Ուկրաինային օգնելու համար` շուրջ 50 պետություն․ «Եթե Ռուսաստանը հարձակվի գեթ մեկ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա, դա կլինի հարձակում ողջ դաշինքի նկատմամբ»։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգները կհայտարարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական