Միջազգային

Իվանիշվիլին խաղադրույք է կատարում Ուկրաինայի պարտության վրա, կասկածի տակ է դնում Վրաստանի եվրոպական ապագան. Գախարիա

«Մեր եվրոպական ապագայի ամենամեծ սպառնալիքն այսօր ստեղծում է իշխանությունը, որի քաղաքականությունն արդեն ոչ զգուշավոր է, ոչ էլ հավասարակշռված»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիան:

Ինչպես նշել է նախկին վարչապետը, այսօր Վրաստանը իրական հնարավորություն ունի ժամանակ շահել պատմությունից և դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ՝ դրանով իսկ ձեռք բերելով երկարաժամկետ կայունություն, բարգավաճում և երաշխավորված խաղաղություն:

«Եվրոպան խաղաղություն է, իսկ Ռուսաստանի դեմ միայնակ կանգնել՝ նշանակում է պատերազմ։ Օկուպացիան և պատերազմը մեր պատմական փորձն են, որը բազմիցս ցույց է տվել, որ, բացի Արևմուտքի հետ միանալուց, Վրաստանը, ցավոք, այլ աշխարհաքաղաքական ընտրություն չունի մեր բարդ տարածաշրջանում։ Այսօր մեր եվրոպական ապագայի ամենամեծ սպառնալիքը ներկայիս իշխանությունն է, որի քաղաքականությունն այլևս ոչ զգուշավոր է, ոչ էլ հավասարակշռված։ Այսօր «Վրացական երազանքը» խաղադրույք է կատարում Ուկրաինայի պարտության վրա և երկրի արտաքին քաղաքականությունը կառուցում այդ տրամաբանության վրա։ Այս պատասխանատու պահին «Երազանքը» կասկածի տակ է դնում եվրոպական ընտրությունն ու հարց տալիս՝ մեզ պե՞տք է նման Եվրոպա։ Լա՞վ է, թե՞ վատ ԵՄ-ի հետ ունենալ առանց վիզա հաղորդակցություն։ Վտանգ կա, որ այն շուտով, հղում անելով օրենքին, բոլոր հակառակ կարծիք ունեցողներին կհամարի գործակալ»,- հայտարարել է Գախարիան։

Նրա խոսքով՝ «Երազանքը» եվրոպական ապագայի փոխարեն ընտրել է իշխանության ղեկին ամեն գնով մնալու ուղին․ «Դիմում եմ «Երազանքի» մեջ մնացած մարդկանց. այս հանցավոր գործընթացի գործիքները դուք եք։ Իվանիշվիլին այդ հանցավոր ծրագիրն իրականացնում է ձեր ձեռքով, և դուք պետք է գիտակցեք, որ նույնիսկ Իվանիշվիլին չի կարող ետնամուտքից գաղտագողի դուրս գալ, յուրաքանչյուրի պատասխանատվությունն անձնավորված է լինելու։ Վրաստանը երբեք այնքան մոտ չի եղել եվրոպական ինտեգրմանը, որքան այսօր, և երբեք այդքան մոտ չի եղել այդ հնարավորությունը բաց թողնելուն։ Այս բաց թողնված հնարավորությունը հանցագործություն կլինի ապագա սերունդների համար։ Մենք բոլորս կարող ենք անցյալը տարբեր կերպ գնահատել, բայց մենք հավատում ենք, որ Վրաստանի ապագան Եվրոպայում է, և մենք պետք է գործենք։ Ով ինչպես կարող է, միասին, առանձին, այսօր դա արդեն էական նշանակություն չունի», - հայտարարել է Գախարիան։