Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չեղյալ է հայտարարել այցը Բրյուսել, որտեղ պետք է տեղի ունենար եվրոպական արտգործնախարարների հետ հանդիպումը ԵՄ խորհրդի նիստից առաջ:
Դրան հետևել է Twitter-ում նրա հաղորդագրությունը, որում նա նշել է, որ չի կարողանա անձամբ ներկա գտնվել ԵՄ խորհրդի այսօրվա նիստին՝ ԱԳ նախարարների մակարդակով:
«Ես շնորհակալ եմ Էստոնիային զենքի և զինամթերքի համատեղ ուղիղ գնումների վերաբերյալ առաջարկի համար, որը կարող է սկսվել ԵՄ երկրների կողմից 1 մլն հատ 155 մմ արկերի տրամադրմամբ։ Չնայած նրան, որ այսօր չեմ կարող անձամբ ներկա գտնվել FAC-ին (ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին-խմբ.), մենք վճռականորեն աջակցում ենք նախաձեռնությանը և կոչ անում այն կյանքի կոչել», - նշել է Կուլեբան:
Ինչպես գրում է «Европейская правда»-ն, Կուլեբայի հանդիպումը եվրոպական երկրների արտգործնախարարների հետ պաշտոնապես հայտարարվել էր նախապես։ Այն ծրագրվել էր ԵՄ խորհրդի պաշտոնական նիստից առաջ, իսկ դրանից հետո նախարարները պետք է աշխատանքային ճաշի համար հանդիպեն Մոլդովայի ԱԳ նախարարի հետ: Պարբերականը նշում է, որ հենց հիմա Կուլեբան պետք է արդեն գտնվեր Բրյուսելում։ Հաջորդ օրը նախատեսվում էր Կուլեբայի առաջին հանդիպումը ԵՄ գլխավոր դիվանագետ Բորելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ:
Կուլեբայի՝ Բրյուսել այցի չեղարկման մասին տեղեկատվությունը համընկել է Կիևի կենտրոնում տրանսպորտի երթևեկության մեծ սահմանափակումների հետ, որոնք կապված են օտարերկրյա պատվիրակությունների այցի հետ: Ըստ լուրերի՝ խոսքը կարող է գնալ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մասին։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով է ժամանել Ուկրաինայի մայրաքաղաք։