Միջազգային

«ՌԴ-ն աջակցում է հայ-ադրբեջանական կողմերին խաղաղության պայմանագրի հարցում». Զախարովա

«Մենք շարունակում ենք մեր գործընկերներին աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցում». հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ օրերս Երևան և Բաքու էր այցելել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը. «Եվ հայկական, և ադրբեջանական կողմերը վերահաստատել են իրենց հետաքրքրությունը մեր երկրի միջնորդության վերաբերյալ։ Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելը՝ ես մանրամասներ չեմ հայտնի։ Կարող ենք ևս մեկ անգամ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ Մոսկվայում այս հարցով կազմակերպել ԱԳ նախարարների հերթական հանդիպումը»։

Զախարովան նաև նշել է, թե նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու։

Զախարովան ադրբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև 2022թ. ստորագրված հռչակագրին՝ անվանելով այն «պատմական». «ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը կայունացնող գործոն է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային առումով։ Փաստաթղթի ստորագրման առաջին տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված»։